Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ես հայ եմ, իսկ դու

Ես հայ եմ, իսկ դու

«Դուք գիտեք, որ ընդամենը 30 վայրկյանում կարող եք օգնել վերածնվել ձեզ նման մեկին, օգնել նորից ապրել, նորից սիրել, նորից խաղալ, նորից ծիծաղել»: Այս խոսքերով հանրահայտ ռոք երգիչ Սերժ Թանգյանը, դիմելով իր միլիոնավոր երկրպագուներին, գրանցվեց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում համալրելով արյան դոնորների հսկայական բանակը:

 

Նրա կոչն իհարկե, ինքնանպատակ չէր: Հաճախ, ծանր հիվանդությունների հաղթահարման համար միայն հիվանդի ապրելու մեծ ցանկությունն ու բժշկի մասնագիտական հմտությունը բավարար չեն: Կա ևս մեկ գործոն, որը կարող է կյանք պարգևել մահացու հիվանդություն ունեցողին. դա մարդկանց բարի կամքն է: Ու քանի որ դոնոր լինելը կամավորության սկզբունքով է, հետևաբար այս դեպքում խոսք կարող է լինել մարդասիրական գործոնի մասին:


Ավելի քան տասը տարի բարեգործական հիմունքներով գործող Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում (ՈԴՀՌ) դոնորներն արյուն հանձնում են բացառապես անվարձահատույց սկզբունքով: Այդ բարեգործական հիմնադրամի նպատակն է հավաքագրել այն դոնորների բազան, որոնք անհրաժեշտության դեպքում համաձայն կլինեն փոխպատվաստման նպատակով տրամադրել ոսկրածուծի ցողունային բջիջները: Պարզաբանելու համար ասենք, որ ոսկրածուծը հյուսվածք է, որը գտնվում է տափակ ոսկորների ներսում, իսկ դրա մաս կազմող ցողունային բջիջներն արյան բջիջները ձևավորող մասնիկներն են: Այսպիսով, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն այն վայրն է, որտեղ ՙհանդիպում են՚ դոնորն ու հիվանդը, և որտեղ վերջինին տրվում է ապրելու ևս մեկ հնարավորություն: Կենտրոնի մասին ասել միայն, թե այն դոնորների բազայի հավաքատեղի է, նշանակում է ոչինչ չասել: ԱՊՀ տարածքում Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը միակ կենտրոնն է: Այստեղ գրանցված դոնորների թիվը հասել է 22 000-ի: Ի դեպ, հավաքագրումն արվում է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում ապրող մեր հայրենակիցների շրջանում: Հայ հիվանդի համար առավել հեշտ է դոնոր գտնել հենց հայերի շրջանում անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում են ապրում դոնորն ու հիվանդը:


Պատկերացնելու համար Կենտրոնի գործունեության արդյունավետությունը, պետք է նշել, որ մոտ 80 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում գործող ոսկրածուծի դոնորների կենտրոնի բազայում գրանցված են 24000 մարդ: Թվերն, իհարկե, խոսուն են, հատկապես եթե հաշվի առնենք, որ դոնոր դառնալը բացառապես  կամավորության սկզբունքով է: Այնպես որ, այսօր մեր կողքին ապրում են մոտ 22000 մարդ, որոնք պատրաստ են օգնել` դրդվելով բացառապես մարդասիրական զգացումից: Մինչ այս Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից դիմած 2153 հիվանդի համար նախնական համընկնող 1780 դոնոր է հայտնաբերվել, որոնցից 13-ն արդեն նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:


Եվ այսպես, եթե մարդը որոշել է օգտակար լինել մեկ այլ անձի ընդ որում առանց իր առողջությունը վնասելու, ապա առաջին քայլը, որն արվում է, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր այցելելն է: Կենտրոնում գրանցվելով անհրաժեշտ է հանձնել 3-5 մլ արյուն և վերջ. դոնոր դառնալու առաջին փուլը դրանով ավարտվում է: Երկրորդ փուլը կախված է այն բանից, թե արդյոք դոնորի արյունը կհամապատասխանի որևէ հիվանդի: Եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ դոնորի ոսկրածուծի ցողունային բջիջներն անհրաժեշտ են հիվանդի փոխպատվաստման համար, ապա կենտրոնում կկատարվի արյան միջից ցողունային բջիջների առանձնացում: Գործընթացը տևում է չորս ժամ, որի ընթացքում այդ բջիջների մի մասը հավաքվում են արմնկային երակից` չդիպչելով ոսկրին: Ինչպես վստահեցնում է ՈԴՀՌ բուժական գծով փոխնախագահ Միհրան Նազարեթյանը ցողունային բջիջներն անջատելու ընթացքում ցավազրկում չի պահանջվում, և դա չի վնասում դոնորի առողջությանը: Եթե արդյունքում փրկվում է  գոնե մեկ մարդկային կյանք, ապա այդ ամբողջ աշխատանքն իսկապես արդարացված է:


Պարոն Նազարեթյանը, արդյունավետ գնահատելով ռեեստրի աշխատանքն, այնուամենայնիվ, ցավով է հայտնում, որ մինչ այսօր Հայաստանում դեռևս չի իրականացվում այս ամբողջ գործընթացի երրորդ` եզրափակիչ փուլը, ոսկրածուծի բջիջների փոխպատվաստումը: ՙ«Մենք գործում ենք միայն որպես դոնորների բանկ: Մեր կազմակերպության խնդիրն է ունենալ հավաքագրված և տիպավորված մարդկանց զանգված, համատեղելի դոնորներից հավաքել ցողունային բջիջներ և առաքել փոխպատվաստման կենտրոններ, որոնք դրանց կարիքն ունեն: Իսկ ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն մենք չունենք: Դա մեծ գումարների հետ է կապված: Հետևաբար, պետք է պետությունը ցույց տա մոտեցում, ընկալի հարցի խորությունը և լրջությունը: Փոխպատվաստման կենտրոն ստեղծելը շատ ծախսատար է, քանի որ ամեն ինչ` ժամանակակից սարքավորումների ձեռքբերումից մինչև բուժանձնակազմի վերապատրաստումը, պետք է կատարել բարձր մակարդակով: Չեմ կարող վստահ ասել, թե այդ հնարավորությունը չկա, պարզապես այստեղ խնդիրն առաջնահերթությունների ձևակերպման մեջ է: Բարեբախտաբար, մեզ մոտ արյան հիվանդների թիվը մեծ չէ: Կան ավելի տարածված հիվանդություններ, թերևս այդ պատճառով է նաև, որ հարցին մոտեցում չկա»,- նշում է պարոն Նազարեթյանը:


Նույնիսկ փոխպատվաստման կենտրոն չունենալու պարագայում Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը բավական ծանրակշիռ կազմակերպություն է տարածաշրջանում: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDWO), ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) և Եվրոպական իմունոգենետիկայի ֆեդերացիայի (EFI) լիիրավ անդամ է:


Ամենևին էլ չթերագնահատելով Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի կատարած մեծածավալ աշխատանքը` այնուամենայնիվ ցանկություն կա, որ այս տարիների աշխատանքը լինի միայն նախնական փուլը, որն, ի վերջո, կհանգեցնի Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն ունենալուն:

Սկզբնաղբյուր. ԵՐԵՎԱԿ հայկական հանդես
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ